Արտաքին առևտուր

Միջազգային տնտեսական հարաբերությունները ձևավորվել են արտաքին առևտրի հիմքի վրա։ Արտաքին առևտուրն ընդգրկում է տվյալ երկրի արտահանումն ու ներմուծումը այլ երկրների հետ։ Արտաքին առևտուրը պայմանավորված է աշխատանքի միջազգային բաժանմամբ։ Աշխատանքի միջազգային բաժանման նախադրյալներն են.

Առաջին՝ բնական ռեսուրսների անհավասարաչափ բաշխվածությունը տարբեր երկրների միջև։ Սովորաբար այս կամ այն երկիրը մասնագիտանում է այնպիսի բարիքների արտադրության մեջ, որի համար ունի ռեսուրսային ապահովվածություն։

Երկրորդ՝ բնակլիմայական պայմանները, որոնք հատկապես կարևոր են գյուղատնտեսական արտադրության համար։ Դրանք պայմանավորում են տարբեր երկրների մասնագիտացումը որոշակի գյուղատնտեսական բարիքների արտադրության մեջ։

Երրորդ՝ գիտակրթական և տեխնոլոգիական զարգացման մակարդակը, որը վճռորոշ նշանակություն ունի որևէ բարիքի արտադրության մեջ մասնագիտացման համար։

Չորրորդ՝ պատմականորեն ձևավորված ավանդական արտադրությունները։ Սա նշանակում է՝ որևէ երկիր, ավանդաբար մասնագիտանալով այս կամ այն արտադրության մեջ, կարողանում է ապահովել արտադրության բարձր որակ և արտադրողականություն։

Աշխատանքի միջազգային բաժանման հիմքի վրա տարբեր երկրների միջև ձևավորվում են առևտրային հարաբերություններ։ Աշխատանքի միջազգային բաժանման վերը նշված նախադրյալների առկայության պայմաններում որևէ երկիր այս կամ այն բարիքի արտադրության գործում մյուսների նկատմամբ ձեռք է բերում առավելություն։ Այդ առավելությունը կարող է լինել բացարձակ և հարաբերական։ Միջազգային առևտուրը հիմնված է այդ երկու սկզբունքների վրա։

Оставьте комментарий